Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հաղթեց ՈՒկրաինան ներկայացնող Ջամալան՝ «1944» երգով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին, համապատասխանաբար, Ավստրալիան և Ռուսաստանը։
Ջամալան, ի դեպ, հայկական արմատներ ունի, ըստ որոշ աղբյուրների` երգչուհու մայրը ծնունդով Արցախից է:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակչում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով գրավեց 7-րդ տեղը:
Այս տարի Հայաստանի մասնակցությունը երգի հեղինակավոր մրցույթին` ծախսված գումարներով հանդերձ, կարծես թե արդարացվեց: «Եվրատեսիլի» համերգասրահի կանաչ սրահում Իվետա Մուկուչյանը ծածանեց Արցախի դրոշը: Ստոկհոլմի երկնքում սավառնող փոքրիկ ինքնաթիռն էլ պատասխանեց երգչուհուն «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ պաստառով:
Գաղտնիք չէ, որ քաղաքական խաղերից իրեն հեռու պահող հեղինակավոր մրցույթը վաղուց երգի մրցույթ չէ: «Երկիրը՝ երկրին» ձևաչափը վաղուց «Եվրատեսիլը» վերածել է քաղաքական շոուի: Քաղաքական ենթատեքստից ինքներս էլ չենք խուսափում: 2015-ի մեր ելույթը ուղղակիորեն առնչվում էր Ցեղասպանության100-րդ տարելիցին: Հիմա էլ՝ ԼՂՀ դրոշը: 2015-ին աշխարհի բոլոր մայր ցամաքներից հավաքված հայ երգիչների խումբը ոչինչ չասաց: «Մի՛ ժխտիր»-ը հարկադրաբար փոխարինվեց «Առերեսվիր ստվերին» անհասկանալի կարգախոսով: Այս տարի մինչ եվրատեսիլյան խաղաղասեր կազմակերպիչները կհիշեցնեին իրենց կանոնները` Արցախի դրոշը «ոչ» ասաց արգելքներին` յուրովի ներկայացնելով Արցախն ու Հայաստանը: Ադրբեջանն էլ հայ երգչուհու`Արցախի դրոշը ծածանելու քայլին պատասխանելու հուսահատ փորձ արեց: Վկան` Ռուսաստանին տված 12 միավորները:
«LoveWave» երգը ինչ ասաց մեզ կամ աշխարհին հարցը կարծես օրակարգից դուրս մնաց: Արդար լինենք ու ասենք, որ հայ օգտատերերին գոնե սկզբնական շրջանում ամենից շատ հուզում էին Իվետայի համարձակ հագուստն ու մերկ ոտքերը: Մասնակցել, թե չմասնակցել «Եվրատեսիլին» հարցը նույնպես շարունակ օդից կախված է մնում: Մի հարցում միակարծիք էինք. բոլորս էլ, այսպես թե այնպես, ուզում ենք հայ մասնակցի հաղթանակը` լավ ներկայանալու առումով: Առաջին տեղը, բարեբախտաբար, մեր դուռը չթակեց` իր անկանխատեսելի հետևանքներով, տնտեսական և այլ ցնցումներով: Սակայն ինձ թվում է` տասը տարի շարունակ եվրատեսիլյան բեմում ներկայացող Հայաստանը միայն այս տարի իրապես մասնակցեց ու հաղթեց:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ